Վարորդական քննության ճանապարհին նոր շրջադարձեր կան

Written by

·

Երևանում մի կետից մյուսը հասնելու համար ավելի շատ համբերություն է պետք, քան բենզին։

Այս պայմաններում մեքենա վարելը երբեմն ոչ այնքան հաճույք է, որքան անհրաժեշտություն։ Սակայն մինչև քաղաքի խցանումներում սեփական համբերությունը փորձարկելը, ապագա վարորդները պետք է մեկ այլ փորձություն անցնեն՝ վարորդական իրավունքի քննությունների հերթերը։

2026 թվականի սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննություններն անցկացվում են փոփոխված հարցաշարերով։ Նախկին միասնական հարցաշարն այժմ բաժանված է երկու խմբի՝ A, B, C և D, T կարգերի համար։ Բացի այդ, տեսական քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո գործնական քննության համար նախատեսված ժամկետը մեկ տարուց դարձել է երկու տարի։

Առաջին հայացքից փոփոխությունները կարող են բավականին մեծ թվալ․ հարցաշարերն առանձնացվել են, հարցերի քանակը փոխվել է, իսկ գործնական քննությանը պատրաստվելու համար ավելի շատ ժամանակ է տրվել։ Բայց արդյո՞ք սա նշանակում է, որ վարորդական իրավունք ստանալու գործընթացում իսկապես մեծ բան է փոխվել, և ինչ խնդիրներ են այս փոփոխություններով լուծվում։

Երկու հարցաշար՝ մեկ ընդհանուր ճանապարհի համար

Մինչև այսօր վարորդական իրավունքի տեսական քննության բոլոր դիմորդները պատրաստվում էին միասնական հարցաշարով՝ անկախ նրանից, թե ինչ տրանսպորտային միջոց վարելու իրավունք էին ցանկանում ստանալ։ Այժմ այն բաժանված է երկու խմբի։

A, B, C կարգերի հարցաշարը ներառում է 1050 հարց, որոնցից 11-ը նոր են։ Այն նախատեսված է մոպեդներ, մոտոցիկլներ, տրիցիկլներ, քվադրիցիկլներ, ինչպես նաև թեթև մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ՝ առանց կցորդի վարելու իրավունք ստանալու համար։

D, T կարգերի հարցաշարը ներառում է 1380 հարց, որոնցից 437-ը նոր են։ Այս խումբը նախատեսված է ավտոբուսներ և տրոլեյբուսներ վարելու իրավունք ստանալու համար։

Այսպիսով, եթե նախկինում, օրինակ, միայն մարդատար մեքենա վարելու իրավունք ստանալ ցանկացող քաղաքացին ստիպված էր ուսումնասիրել նաև ավտոբուսների ու տրոլեյբուսների վարորդներին վերաբերող հարցերը, այժմ այդ կարգերին հատուկ գիտելիքների մի մասը առանձնացվել է։

Սակայն հարցաշարերի բաժանումը չի նշանակում, որ յուրաքանչյուր վարորդ սովորելու է բացառապես իր մեքենային վերաբերող կանոնները։

«Աղմուկը ավելի բարձր էր, քան փոփոխությունը։ Շատ բան չի փոխվել»,- ասում է «Գլխավոր Ճանապարհ» ավտոդպրոցի հիմնադիր և ավտոհրահանգիչ Սոնա Հախվերդյանը։

Նրա խոսքով՝ հարցաշարերի տարբերակումը հիմնականում վերաբերում է տվյալ տրանսպորտային միջոցի վարորդին հատուկ գիտելիքներին։ Օրինակ՝ ավտոբուսի տեխնիկական հագեցվածության, անհրաժեշտ սարքավորումների կամ դրա շահագործման առանձնահատկությունների մասին տեղեկությունները կարևոր են հենց ավտոբուս վարող անձի համար։ Մինչդեռ երթևեկության մեջ ավտոբուսի նկատմամբ մյուս վարորդների պարտավորությունները շարունակում են մնալ բոլորի համար անհրաժեշտ գիտելիք։

Այսինքն՝ B կարգի վարորդը, նույնիսկ եթե երբևէ չի նախատեսում ավտոբուս վարել, միևնույն է, պետք է և շարունակում է իմանալ, թե ինչպես է անհրաժեշտ իրեն պահել ավտոբուսի հետ երթևեկության մեջ, ինչ առավելություններ ունի ավտոբուսը և ինչ կանոններ պետք է պահպանել։

Հետևաբար, հարցաշարերի առանձնացումը ոչ թե ընդհանուր գիտելիքների վերացումն է, այլ այն տեղեկությունների առանձնացումը, որոնք անմիջականորեն վերաբերում են կոնկրետ տրանսպորտային միջոցի շահագործմանը։

Հարցաշարերի փոփոխության մեկ այլ առանձնահատկություն էլ նոր ավելացված հարցերն են։ Թվերի տարբերությունը կարող է տպավորություն ստեղծել, թե հատկապես երկրորդ խմբի դիմորդներին բավականին մեծ ծավալի նոր նյութ է սպասվում։ Սակայն, ինչպես նշում է Հախվերդյանը, ավելացված հարցերը նոր թեմաներ չեն ներառում, այլ վերաբերում են արդեն իսկ հարցաշարում առկա կանոններին և իրավիճակներին։

Հետևաբար, նախկին հարցաշարին տիրապետող դիմորդները պարտադիր չէ, որ ամբողջ նյութը զրոյից ուսումնասիրեն։ Խոսքը հիմնականում արդեն ծանոթ թեմաների վերաբերյալ նոր հարցերի մասին է։ Սա, իհարկե, չի նշանակում, որ կարելի է սահմանափակվել նախկին թեստերի պատասխանները հիշելով․ կարևոր է հենց կանոնների իմացությունը։

Հայաստանից դուրս էլ ճանապարհներ կան

Հարցաշարում կան նաև այնպիսի հարցեր, որոնց կիրառելիությունը Հայաստանի առօրյա երթևեկության պայմաններում կարող է այնքան էլ ակնհայտ չլինել։ Օրինակ՝ տրամվայների հետ երթևեկության կանոնները։ Եթե Հայաստանի ճանապարհներին տրամվայ չկա, ինչո՞ւ պետք է ապագա վարորդը ժամանակ հատկացնի դրա վերաբերյալ հարցերին։

Հախվերդյանի խոսքով՝ պատճառներից մեկը միջազգային ճանապարհային երթևեկության միասնական կանոններն են։

Հայաստանը 1968 թվականին Վիեննայում ընդունված «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի անդամ է։ Հետևաբար, վարորդական իրավունք ստանալու համար անհրաժեշտ գիտելիքները չեն կարող սահմանափակվել միայն Հայաստանի ճանապարհներին հանդիպող իրավիճակներով։

Օրինակ՝ եթե քաղաքացին մեկնում է այլ երկիր և ցանկանում է կարճ ժամանակահատվածի համար այնտեղ մեքենա վարել, կարող է անհրաժեշտություն առաջանալ միջազգային վարորդական իրավունքի վկայական ստանալու։ Այն տրամադրվում է ազգային վարորդական վկայականի հիման վրա, իսկ դրա համար կարևոր է, որ վարորդը տիրապետի միջազգային կանոններով նախատեսված համապատասխան գիտելիքներին։

Այլ կերպ ասած՝ այսօր Հայաստանում տրամվայի չհանդիպելը դեռ չի նշանակում, որ դրա հետ երթևեկության կանոնները պետք չեն գալու մեկ այլ երկրում։ Ուստի հարցաշարում որոշ՝ տեղական պայմաններում ոչ այնքան կիրառելի հարցերի առկայությունը ինքնին ավելորդություն չէ։

Երկու տարի՝ գործնականին հասնելու համար

Հարցաշարերի փոփոխությունից բացի՝ փոխվել է նաև տեսական քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո գործնական քննության համար նախատեսված ժամկետը։ Եթե նախկինում քաղաքացին տեսական քննությունը հանձնելուց հետո գործնական քննությունը պետք է հանձներ մեկ տարվա ընթացքում, այժմ այդ ժամկետը երկու տարի է։

Փոփոխությունը կարևոր է այն դիմորդների համար, ովքեր տեսական քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո չեն հասցնում ժամանակին անցնել գործնական փուլին։

Բայց ինչո՞ւ մեկ տարին բավարար չէր լինում։

Վերջին հինգ տարիներին վարորդական իրավունք ստանալու ցանկություն ունեցողների հոսքն ընդհանուր առմամբ աճել է, ինչի հետ մեկտեղ ավելացել են նաև քննությունների հերթերը։ Սակայն Հախվերդյանը կարծում է, որ հերթերի խնդիրը միայն դիմորդների թվով չի պայմանավորված։

Նրա խոսքով՝ երկու տարվա ժամկետը ժամանակավոր լուծում է, որը հնարավորություն է տալիս տեսական քննությունն արդեն հաջողությամբ հանձնած անձանց ավելի շատ ժամանակ ունենալ գործնական փուլն ավարտելու համար։

«Ես չեմ վախենա ասել, որ հերթերը արհեստածին են»,- ասում է նա։

Նրա խոսքով՝ որոշ քաղաքացիներ քննություններին հերթագրվում են դեռևս բավարար չափով չպարապած կամ քննությանը պատրաստ չլինելով։ Արդյունքում առաջանում են հերթեր, մինչդեռ քննասենյակները երբեմն ամբողջությամբ չեն օգտագործվում։ Սա դժվարացնում է քննության մասնակցությունը այն մարդկանց համար, ովքեր արդեն պատրաստ են և ցանկանում են հանձնել այն։

Հետևաբար, երկու տարվա ժամկետը Հախվերդյանի գնահատմամբ՝ խնդրի ամբողջական լուծում չէ, այլ ժամանակավոր հնարավորություն այն մարդկանց համար, ովքեր արդեն հաջողությամբ հանձնել են տեսական քննությունը, բայց տարբեր պատճառներով չեն հասցրել գործնական փուլն ավարտել մեկ տարվա ընթացքում։

Կարևոր է նշել, որ ժամկետի երկարաձգումը վերաբերում է միայն այն քաղաքացիներին, ում տեսական քննության արդյունքը 2026 թվականի հուլիսի 6-ի դրությամբ դեռ ուժի մեջ էր։

Հարցաշարից բացի՝ էլ ի՞նչ է պետք փոխել

Վարորդական իրավունքի քննությունների արդյունավետությունը, սակայն, կախված չէ միայն հարցերի քանակից կամ քննությանը պատրաստվելու համար հատկացված ժամանակից։ Կարևոր է նաև այն, թե որքանով են հարցերը համապատասխանում ճանապարհային երթևեկության իրական պայմաններին և արդյոք ապագա վարորդին տալիս են անհրաժեշտ գիտելիքներ։

Հախվերդյանի կարծիքով՝ հարցաշարը ոչ թե պարզապես ավելացնելու կամ կրճատելու, այլ ավելի շատ արդիականացնելու կարիք ունի։ Օրինակ՝ կարելի է ավելացնել վարչական իրավախախտումների վերաբերյալ հարցեր, որպեսզի վարորդները նախապես պատկերացում ունենան, թե ճանապարհին այս կամ այն խախտումը ինչ հետևանք կարող է ունենալ։

Սա կարևոր է, քանի որ վարորդական իրավունքի քննությունը չպետք է սահմանափակվի միայն նրանով, թե մարդը որքան լավ է հիշում ճանապարհային նշաններն ու երթևեկության կանոնները։ Նա պետք է նաև հասկանա, թե իր գործողություններն ինչ պատասխանատվություն են առաջացնում։

Մյուս կողմից՝ քննությունների հերթերի խնդրի լուծման համար այլ փոփոխություններ ևս նախատեսվում են։ Հախվերդյանի փոխանցմամբ՝ քննարկվող առաջարկներից մեկի համաձայն՝ ավտոդպրոցները պետք է լիցենզավորվեն, իսկ ավտոդպրոցում վարորդական կրթությունը դառնա պարտադիր։ Այսինքն՝ քննությանը մասնակցելու համար քաղաքացին նախ պետք է անցնի դասընթաց լիցենզավորված ավտոդպրոցում և ստանա համապատասխան ավարտական վկայական։ Այս կերպ հնարավոր կլինի ստուգել դիմորդի պատրաստվածությունը և կանխել այն իրավիճակները, երբ քննության հերթը զբաղեցնում են դեռևս չպատրաստված մարդիկ։

Ինչի՞ց սկսել, եթե պատրաստվում ես ղեկին նստել

Վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացը միայն հարցաշարը սովորելով ու քննության օրը գրանցվելով չի ավարտվում։ Տեսական գիտելիքները պետք է վերածվեն գործնական հմտությունների, իսկ ճանապարհին ճիշտ որոշումներ կայացնելու կարողությունը ձևավորվում է ոչ միայն թեստերի պատասխանները հիշելով։

Հախվերդյանը խորհուրդ է տալիս գործընթացը սկսել մասնագետի ուղեկցությամբ, այլ ոչ թե ամբողջությամբ ինքնուրույն պատրաստվել։

Նրա խոսքով՝ սա կարող է օգնել խուսափել թե՛ ավելորդ ֆինանսական ծախսերից, թե՛ հոգեբանական դժվարություններից։ Մեկ կամ մի քանի անհաջող փորձից հետո որոշ դիմորդների մոտ առաջանում է սեփական կարողությունների նկատմամբ անվստահություն, երբեմն նույնիսկ՝ թերարժեքության զգացում։ Մինչդեռ մասնագետի օգնությամբ հնարավոր է ավելի ճիշտ գնահատել սեփական գիտելիքներն ու հմտությունները, հասկանալ բացերը և նպատակային աշխատել դրանց վրա։

Ի վերջո, վարորդական իրավունք ստանալը պարզապես կյանքում հերթական քննությունը անցնելու մասին չէ։ Քննությունը հաջողությամբ հանձնելը դեռ չի նշանակում, որ մարդը պատրաստ է ցանկացած ճանապարհային իրավիճակի։ Իսկ հարցաշարի փոփոխությունը, ժամկետի երկարաձգումն ու հետագա բարեփոխումները իմաստ կունենան այնքանով, որքանով կօգնեն ճանապարհ դուրս բերել ոչ թե պարզապես վարելու իրավունք ունեցող, այլ ավելի պատասխանատու վարորդների։


Discover more from

Subscribe to get the latest posts sent to your email.

Discover more from The Polityx

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading