Հինգ տարի՝ խաղից դուրս

Written by

·

Մի քլիքով կարելի է նոր խաղ սկսել, բայց շուտով նույնքան հեշտությամբ կարելի է նաև որոշել՝ կանգ առնել։ Ոչ թե «այսօր վերջին անգամ», ոչ թե «մինչև աշխատավարձ ստանալը», այլ՝ հինգ տարով։ Եվ այդ որոշումը փոխելու համար վաղը, հաջորդ շաբաթ կամ նույնիսկ մեկ տարի հետո այլևս հետադարձ կոճակ չկա։

2027 թվականից Հայաստանում օնլայն խաղային կայքերում ու բջջային հավելվածներում պետք է մշտապես հասանելի ու տեսանելի լինի «ինքնաարգելափակում» կոճակը։ Այն սեղմելուց հետո անձի մասնակցությունը խաղերին պետք է դադարեցվի առավելագույնը մեկ րոպեի ընթացքում, իսկ արգելքը կգործի հինգ տարի։ Այդ ընթացքում այն վաղաժամ հանել հնարավոր չէ։ Հինգ տարին լրանալուց հետո արգելքը ևս հինգ տարով կերկարացվի, եթե անձը ժամկետի վերջում հինգ օրվա ընթացքում չդիմի այն ապակտիվացնելու համար։

Բայց մի կոճակն իրականում ի՞նչ կարող է փոխել մարդու վարքագծում, եթե խաղը արդեն սովորություն է դարձել, իսկ հետո վերածվել կախվածության։

Որտե՞ղ է ավարտվում խաղը

Խաղային կախվածությունը սովորաբար չի սկսվում այն գիտակցումից, որ մարդը կախվածություն ունի։ Ավելի հաճախ ամեն ինչ սկսվում է հակառակ զգացումից, թե իրավիճակը դեռ վերահսկելի է։

Մի խաղ, մի փոքր գումար, հետո՝ հեռախոսը մի կողմ կդնեմ։ Բայց այդ «հետո»-ն կարող է աստիճանաբար ավելի հեռանալ։

Հոգեբան Մարիամ Ոսկանյանի խոսքով՝ խաղամոլության հիմնական նշաններից մեկը հենց վերահսկողության կորուստն է․ մարդն այլևս չի կարողանում կառավարել խաղը սկսելու, հաճախականության, տևողության կամ դադարեցնելու պահը։ Միաժամանակ խաղը սկսում է գերակայել մյուս հետաքրքրություններին և առօրյա գործունեությանը, իսկ մարդը շարունակում է խաղալ նույնիսկ այն ժամանակ, երբ արդեն բացասական հետևանքներ կան։

Խնդրահարույց վարքագիծը գնահատելիս սովորաբար դիտարկվում է նաև դրա տևողությունը․ ախտորոշման համար այն սովորաբար պետք է դրսևորվի առնվազն 12 ամիս, թեև ծանր դեպքերում այդ ժամկետը կարող է կրճատվել, եթե բոլոր անհրաժեշտ ախտանիշներն առկա են։

Ու այստեղ կարևոր է նաև մեկ այլ բան․ խաղատունը, այդ թվում՝ օնլայն կազինոն, մարդու համար կարող է շատ հեշտությամբ դառնալ ոչ թե պարզապես գումար շահելու փորձ, այլ որոշակի զգացողություն ստանալու միջոց։

Օնլայն միջավայրն այդ գործընթացը կարող է ավելի հեշտացնել։ Ֆիզիկական խաղատուն հասնելու համար պետք է գնալ այլ վայր, իսկ օնլայն կազինոն մարդու հետ է՝ հեռախոսում կամ համակարգչում։ Այն հասանելի է օրվա ցանկացած ժամի, իսկ խաղը հեշտ է թաքցնել շրջապատից։

«Եթե օնլայն է, ուրեմն լուրջ չէ» մտածելակերպն էլ կարող է նպաստել խնդրի խորացմանը։ Ըստ հոգեբանի՝ օնլայն խաղերի դեպքում անանունությունը նվազեցնում է պատասխանատվության զգացումը, իսկ մարդուն թույլ է տալիս գաղտնի պահել իր վարքագիծը ընտանիքից ու ընկերներից։ Այդպես կարող է ստեղծվել նաև վերահսկողության պատրանք՝ կարծես մարդը դեռ լիովին կառավարում է իրավիճակը։

Մինչդեռ իրական և վիրտուալ միջավայրերի միջև սահմանն այստեղ շատ արագ վերանում է։

Ի՞նչ է տալիս ինքնաարգելափակումը

Նոր օրենքի կարևոր փոփոխություններից մեկն այն է, որ մարդը կարող է ոչ միայն որոշել այլևս չխաղալ, այլև այդ որոշումը տեխնիկապես ամրագրել։

Կոճակը պետք է լինի ոչ միայն կայքի գլխավոր էջում, այլ խաղային հարթակի յուրաքանչյուր էջում՝ տեսանելի և հասանելի ձևով։ Այն պետք է զբաղեցնի էջի տեսանելի հատվածի առնվազն 5 տոկոսը կամ համապատասխանի կառավարության սահմանած այլ չափանիշների։ Կոճակի կողքին պետք է ցուցադրվի նաև տվյալ պահին ինքնաարգելափակված անձանց ընդհանուր թիվը։

Իսկ ամենակարևոր մասը սկսվում է այն սեղմելուց հետո։ Մարդուն պետք է ցուցադրվի ընդամենը մեկ հաստատման պատուհան՝ «Հաստատում եմ» կամ «Չեմ հաստատում» տարբերակներով։ Հաստատելուց հետո օպերատորը չի կարող նորից համոզել նրան սպասել, մտածել, լրացուցիչ հաստատումներ տալ կամ հրաժարվել որոշումից։ Չի կարող առաջարկել բոնուս, նոր խաղ կամ որևէ այլ խրախուսանք։ Մասնակցությունը պետք է դադարեցվի առավելագույնը մեկ րոպեի ընթացքում։

Սա կարևոր է հատկապես այն պատճառով, որ կախվածության դեպքում կանգ առնելու որոշումը կարող է փոխվել հենց որոշում կայացնելու պահին։

Մարիամ Ոսկանյանի խոսքով՝ կախվածություն ունեցող մարդիկ հաճախ ժխտում են խնդրի գոյությունը։ Այդ պատճառով ինքնաարգելափակման կոճակին հասնելն արդեն կարող է նշանակել, որ մարդը գիտակցել է իր վարքագծի խնդրահարույց լինելը։ Իսկ ինքնաարգելափակվելը ոչ միայն այդ գիտակցման արտահայտությունն է, այլև կոնկրետ քայլ՝ իրավիճակը փոխելու ուղղությամբ։

Միաժամանակ կարևոր է, որ արգելափակումը տարածվի ոչ միայն այն կայքի վրա, որտեղ մարդը սեղմել է կոճակը։ Տվյալները պետք է փոխանցվեն խաղային օպերատորին, որպեսզի սահմանափակումը գործի նաև մյուս հարթակներում։ Այսինքն՝ «այս կազինոյում չեմ խաղա, ուրիշում կխաղամ» տարբերակը բացառվում է։

Հինգ տարին բավարա՞ր է

Այստեղ արդեն օրենքի հնարավորություններն ավարտվում են, իսկ կախվածության խնդիրը՝ ոչ։

Հինգ տարի կարող է երկար ժամանակ թվալ, բայց հոգեբանական կախվածության համար այն որևէ կախարդական ժամկետ չէ։ Ոսկանյանի խոսքով՝ չկա մի ժամանակահատված, որը բոլոր մարդկանց համար բավարար կլինի խաղային կախվածությունը հաղթահարելու համար։ Արդյունքը կախված է մարդու անհատական առանձնահատկություններից և կենսափորձից։ Ավելին՝ եթե խաղը դարձել է սթրեսը հաղթահարելու, ձանձրույթից խուսափելու կամ առօրյա հոգսերից կտրվելու միջոց, կազինոյի հասանելիությունը փակելը դեռ չի վերացնում այդ կարիքը։

Մարդը կարող է հինգ տարի չխաղալ, բայց եթե այդ ընթացքում չի հասկացել, թե ինչու էր խաղը դարձել իր կյանքի այդքան կարևոր մասը, հաջորդ ծանր իրավիճակում կարող է կրկին վերադառնալ նույն վարքագծին։

Հենց այդ պատճառով, ըստ մասնագետի, տեխնիկական սահմանափակումը կարևոր է, բայց կախվածության դեպքում միայն դա բավարար չէ։ Խնդրահարույց վարքագծի պատճառների հետ աշխատելու համար կարող է անհրաժեշտ լինել հոգեբանական աջակցություն և հոգեթերապիա։

Ի վերջո, ինքնաարգելափակման գաղափարի ամենահետաքրքիր կողմը գուցե հենց սա է․ այն առաջին հայացքից մարդու ազատությունը սահմանափակող մեխանիզմ է թվում, բայց եթե կախվածությունն արդեն իսկ սահմանափակում է մարդու ընտրությունը, սեփական խաղը կանգնեցնելու հնարավորությունը կարող է հակառակը՝ վերահսկողությունը վերադարձնելու փորձ լինել։

Նախագծի սկզբնական տարբերակում նախատեսվում էր նաև խաղերին մասնակցությունն արգելել այն անձանց համար, ում միակ եկամտի աղբյուրը կենսաթոշակն է։ Այդ առաջարկը մայիս ամսին ներկայացված փաթեթի մաս էր։ Վերջնական օրենքում սահմանափակումների շրջանակը փոփոխվել է․ այժմ խաղերին մասնակցել չեն կարող նաև 70 և ավելի տարեկան անձինք, ինչպես նաև օրենքով սահմանված մի շարք այլ խմբեր, այդ թվում՝ որոշ պետական և հանրային պաշտոններ զբաղեցնող կամ պետական համակարգում աշխատող անձինք։

Ինքնաարգելափակման նոր մեխանիզմը, սակայն, վերաբերում է բոլոր նրանց, ովքեր իրենք են որոշում կանգ առնել։ Եվ գուցե դրա ամենակարևոր իմաստը հենց այստեղ է․ երբեմն վերահսկողությունը վերականգնելու առաջին քայլը ոչ թե սեփական կամքի ուժին հերթական անգամ վստահելն է, այլ այնպիսի սահման դնելը, որը դժվար կլինի հետագայում շրջանցել, որովհետև երբեմն հաղթել նշանակում է ոչ թե ավելի շատ գումար շահել, այլ ժամանակին որոշել՝ դուրս մնալ այդ խաղից։


Discover more from

Subscribe to get the latest posts sent to your email.

Discover more from The Polityx

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading

Discover more from The Polityx

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading