«Տոպրակ պե՞տք է»

Written by

·

Ամեն անգամ, երբ խանութում վճարում ենք գնումների համար, լսում ենք նույն հարցը. «Տոպրակ պե՞տք է»։ Հաճախ նույնիսկ չենք մտածում պատասխանի մասին, ու մի քանի վայրկյան անց տոպրակը մեր ձեռքում է, տուն հասնելուց հետո՝ աղբամանում։

Այստեղ պատմությունն ավարտվում է մեզ համար, բայց ոչ այդ տոպրակի։

Հենց այս սովորության վրա էլ կենտրոնանում է օրենքի նոր նախագիծը։ 2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքի շրջանառությունը։ Արգելքը կտարածվի խանութների, հանրային սննդի օբյեկտների, տոնավաճառների, ցուցահանդես-վաճառքների և շրջիկ առևտրի վրա։ Օրենքը առաջին անգամ խախտելու դեպքում տնտեսվարողները կստանան նախազգուշացում, իսկ կրկնելու դեպքում կտուգանվեն 100-150 հազար դրամով։

Կառավարության հիմնավորմամբ՝ փոփոխությունն ունի ոչ միայն բնապահպանական, այլև առողջապահական, տնտեսական և քաղաքական նշանակություն։ Այն ներկայացվում է նաև որպես Հայաստանի քայլերից մեկը դեպի ավելի կայուն զարգացում՝ հատկապես COP17-ի նախաշեմին, երբ երկիրը պատրաստվում է ընդունել ՄԱԿ-ի կենսաբազմազանության համաժողովը։

Խնդիրը միայն տոպրակը չէ

Սա առաջին փորձը չէ, որ Հայաստանը փորձում է սահմանափակել պոլիէթիլենի օգտագործումը։

Դեռ 2022 թվականից Հայաստանում սահմանափակվել էր բարակ պոլիէթիլենային տոպրակների շրջանառությունը։ Բայց եթե այսօր մտնենք խանութ, դժվար թե զգանք, որ մեր առօրյան էապես փոխվել է։

«Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական հասարակական կազմակերպության նախագահ Թեհմինե Ենոքյանի խոսքով՝ այդ փոփոխությունն ամենից շատ զգացվեց ոչ թե փողոցներում կամ աղբավայրերում, այլ դրամարկղի մոտ, քանի որ դրա ամենատեսանելի արդյունքը տոպրակների թանկացումն էր, ոչ թե օգտագործման նվազումը։

Նրա դիտարկմամբ՝ մարդկանց զգալի մասը շարունակում է օգտվել պոլիէթիլենային տոպրակներից՝ արդեն դրանց համար հավելյալ վճարելով, թեև կան նաև մարդիկ, ովքեր սկսել են խանութ գնալ կտորե տոպրակով կամ նույն պոլիէթիլենային տոպրակն օգտագործում են գոնե մի քանի անգամ։

Սա այն դեպքերից է, երբ օրենքը բախվում է սովորությանը։ Եթե տոպրակ վերցնելը դարձել է ակամա գործողություն, ապա միայն արգելքը կարող է բավարար չլինել։

Պոլիէթիլենային տոպրակն օգտագործվում է միջինում ընդամենը մի քանի րոպե, բայց բնության մեջ մնում է ավելի քան հինգ հարյուր տարի։ 

Թեհմինե Ենոքյանի խոսքով՝ խնդիրը միայն այն չէ, որ մարդիկ շարունակում են օգտագործել պոլիէթիլենային տոպրակներ։ Հայաստանում ոչ բոլոր համայնքներում կա աղբի տեսակավորման համակարգ, ոչ բոլոր աղբամանների մոտ կան առանձին տարաներ պլաստիկի համար, իսկ նույնիսկ այնտեղ, որտեղ կան, ոչ բոլոր քաղաքացիներն են օգտվում դրանցից։

Արդյունքում մեծ քանակությամբ պլաստիկ հայտնվում է ընդհանուր աղբավայրերում, որտեղ տարիների ընթացքում ոչ միայն չի վերանում, այլ նաև աղտոտում է հողը, ջրերը և ստորգետնյա շերտերը։ Արևի ազդեցության տակ այն ենթարկվում է քիմիական փոփոխությունների, արտազատում վնասակար նյութեր և նպաստում ջերմոցային գազերի առաջացմանը։

Այլ կերպ ասած՝ այն տոպրակը, որը մեզ պետք էր ընդամենը գնումները տուն հասցնելու համար, բնության վրա ազդեցություն է ունենում հարյուրավոր տարիներ։

Բայց նախագիծը որոշ բացառություններ է նախատեսում։ Կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերը կմնան շրջանառության մեջ։ Կշարունակվեն օգտագործվել նաև երկրորդային հումքից պատրաստված աղբի պարկերը։

Ենոքյանի խոսքով՝ որոշ դեպքերում դա հասկանալի է։ Կան ապրանքներ, որոնց համար այսօր դժվար է ամբողջությամբ հրաժարվել պոլիէթիլենից։ Բայց, նրա կարծիքով, կան բազմաթիվ իրավիճակներ, որտեղ դրա օգտագործումն արդեն պարզապես սովորություն է դարձել։ Օրինակ՝ խանութներում, որտեղ նախապես կշռված ապրանքները պլաստիկ տարաների մեջ են տեղավորում, իսկ գնելիս հաճախ դնում նաև առանձին պոլիէթիլենային տոպրակի մեջ։ Կամ դեղատներում, որտեղ արդեն գործարանային փաթեթավորմամբ դեղորայքի հետ հաճախ առաջարկվում է ևս մեկ տոպրակ։ 

Այսպիսի կիրառություններից պարզապես հնարավոր է խուսափել։

Ի՞նչն է փոխարինելու պոլիէթիլենին

Շատերի առաջին միտքը թղթե տոպրակներն են։ Սակայն դրանք նույնպես անվնաս լուծում չեն։ Թղթե տոպրակների արտադրությունը ևս բնական ռեսուրսներ է պահանջում և կապված է ծառահատումների հետ։

Արդյունքում՝ ամենակայուն տարբերակը շարունակում է մնալ բազմակի օգտագործման կտորե տոպրակը։ Դրանք ամուր են, տարողունակ և կարող են երկար ժամանակ օգտագործվել։

COP17-ի նախաշեմին

Գուցե մի քանի տարի անհրաժեշտ էր հասկանալու՝ արդյոք 2022 թվականից գործող սահմանափակումները բավարար էին, թե պետք են ավելի խիստ քայլեր։ Իսկ գուցե ժամանակային համընկնում չէ նաև այն, որ այս փոփոխությունը ներկայացվում է COP17-ի նախաշեմին, երբ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել միջազգային բնապահպանական համաժողովը։

Պոլիէթիլենային տոպրակների սահմանափակումը միջազգային հարթակում ավելի հեշտ է ներկայացնել որպես բնապահպանական հաջողություն, քան Հայաստանի ավելի խորքային բնապահպանական խնդիրների լուծումը՝ օդի աղտոտվածությունը կամ հանքարդյունաբերության ազդեցությունը։

Միևնույն ժամանակ, Թեհմինե Ենոքյանի կարծիքով, նույնիսկ եթե նախաձեռնությունն ունի նաև ցուցադրական բաղադրիչ, այն կարող է դրական ազդեցություն ունենալ մարդկանց վարքագծի վրա։

Արգելքից հետո՝ համակարգի հարցը

Այս փոփոխության հաջողությունը կախված չի լինի միայն արգելքից։ Եթե քաղաքացին չունի աղբը տեսակավորելու հնարավորություն, դժվար է ակնկալել, որ նա կփոխի իր վարքը։ Իսկ եթե տեսակավորված աղբը վերջում կրկին հայտնվում է նույն աղբատար մեքենայում ու հետո՝ նույն աղբավայրում, մարդիկ կորցնում են վստահությունը համակարգի նկատմամբ։

Տեսակավորման կանոնների պահպանումը, Ենոքյանի առաջարկով, պետք է դառնա նույնքան վերահսկելի, որքան, օրինակ, ճանապարհային երթևեկության կանոնները։ Դա կարող է իրականացվել նաև տեսանկարահանող սարքերի միջոցով՝ արձանագրելու խախտումները և կիրառելու համապատասխան միջոցներ։

Վերջիվերջո, այս փոփոխությունը միայն պոլիէթիլենային տոպրակների մասին չէ։ Այն հիշեցնում է, որ մեր ամենօրյա փոքր ընտրությունները կարող են ունենալ երկարաժամկետ ազդեցություն՝ նույնիսկ այն ժամանակ, երբ դրանց արդյունքը անմիջապես չենք տեսնում։

Որքան հեշտ է հերթական տոպրակը վերցնելը, այնքան հեշտ է դրա մասին մոռանալը։ Բնությունը, սակայն, դրա մասին հեշտությամբ չի մոռանում։


Discover more from

Subscribe to get the latest posts sent to your email.

Discover more from The Polityx

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading

Discover more from The Polityx

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading