Որքան լավ ես կենդանուն վերաբերվում, այնքան մարդ ես

Written by

·

Քաղաքի փողոցներում ամեն օր կարող ես տեսնել նույն տեսարանը. մեկը կանգնում է, շոյում է թափառող շանը, մյուսը՝ քար նետում նրա ուղղությամբ։ Երկուսն էլ մի քանի վայրկյան են տևում, բայց այդ մի քանի վայրկյանը շատ բան է պատմում մեր հասարակության մասին։

Կենդանիների նկատմամբ վերաբերմունքը հաճախ ընկալվում է որպես անձնական ընտրություն՝ սիրում ես կենդանիներին, թե ոչ։ Սակայն իրականում այն նաև հանրային անվտանգության, կրթության և պետական քաղաքականության հարց է։

Հենց այս մոտեցմամբ էլ փոփոխություններ են ընդունվել «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքում։ Դրանք ոչ միայն խստացնում են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար պատասխանատվությունը, այլև փորձում են փոխել այն մշակույթը, որով մարդիկ վերաբերվում են կենդանիներին։ 

Բայց կարո՞ղ է օրենքը փոխել վերաբերմունքը։

Պատիժը բավական չէ

Երկար տարիներ կենդանիների պաշտպանության մասին քննարկումները հիմնականում պտտվում էին մեկ հարցի շուրջ՝ ինչպե՞ս պատժել կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը։ Նոր փոփոխությունները, սակայն, այլ տրամաբանություն ունեն։ Դրանք փորձում են կենդանիների բարեկեցությունը դիտարկել ոչ միայն որպես իրավական, այլև կրթական և հանրային քաղաքականության հարց։

Այդ նպատակով կառավարությունն արդեն լիազորված է հաստատել կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունք ձևավորող հանրային կրթության ծրագիր, իսկ պետական կառավարման լիազոր մարմինները՝ մշակել և իրականացնել կրթական ծրագրեր թե՛ հասարակության, թե՛ կենդանիների հետ աշխատող մասնագետների համար։

Կրթության վրա այս շեշտադրումը ոլորտի մասնագետների համար նորություն չէ։ «Pro Paws» ՄԹ–Հայաստան բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ, իրավապաշտպան Նարե Արամյանը նշում է, որ իրենց կազմակերպությունը դեռ 2006 թվականից իրականացնում է կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունք ձևավորող կրթական ծրագրեր։ Այդ ընթացքում դրանցում ընդգրկվել են ավելի քան 20 հազար դպրոցահասակ երեխա, շուրջ 2 հազար նախադպրոցական և ավելի քան 6 հազար ծնողական համայնքի ներկայացուցիչ։ Այդ փորձը, նրա համոզմամբ, ցույց է տվել, որ պատասխանատու վերաբերմունքը ձևավորվում է ոչ թե միայն տուգանքներով, այլ շարունակական կրթությամբ, իրազեկմամբ և հանրային մշակույթով։

Նա նաև հիշեցնում է, որ այս օրենքի ճանապարհը երկար է եղել։ Դեռ 2011 թվականին ոլորտի մասնագետներն ու կենդանիների պաշտպանության կազմակերպությունները օրինագիծ էին ներկայացրել Ազգային ժողով, սակայն այն չէր հասել օրակարգ։ 2018 թվականին նախագիծը կրկին ներկայացվեց, այնուհետև ավելի քան 5 տարի քննարկվեց, վերամշակվեց և փոփոխվեց, մինչև ստացավ ներկայիս տեսքը։

Փոփոխություններով ընդլայնվել է նաև հասարակական կազմակերպությունների դերը։ Նրանք արդեն կարող են մշտադիտարկում իրականացնել կենդանիների բոլոր կացարաններում՝ անկախ դրանց կազմակերպաիրավական տեսակից, սեփականության ձևից կամ ֆինանսավորման աղբյուրից։ Բացի այդ, կացարանների համար պարտադիր է դարձել հրապարակային հաշվետվությունների ներկայացումը, ինչը պետք է բարձրացնի ոլորտի թափանցիկությունն ու հանրային վերահսկողությունը։

Արամյանի գնահատմամբ, կենդանիների բարեկեցության ոլորտում հաջողության հասնել հնարավոր չէ մեկ կառույցի աշխատանքով։ Պետք է համագործակցեն պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, մասնագետներն ու հասարակական կազմակերպությունները։ Հակառակ դեպքում նույնիսկ ամենալավ օրենքը կարող է մնալ պարզապես գրված փաստաթուղթ։

Փոփոխությունները միաժամանակ հստակեցնում են, թե ինչն է համարվում կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք։

Այսուհետ որպես դաժան վերաբերմունքի առանձին դրսևորումներ են սահմանվում կենդանուն կանխամտածված կամ անփույթ կերպով քաղցի մատնելը կամ հյուծելը, առանց օրենքով նախատեսված հիմքերի կենդանու քնեցումը, ինչպես նաև վիրահատական միջամտությունների իրականացումը՝ առանց պատշաճ անզգայացման։

Սահմանափակվել է նաև կենդանիներին ցավ պատճառող հարմարանքների՝ օրինակ էլեկտրական կամ սուր ելուստներով վզկապների կիրառումը, իսկ կենդանիների ներգրավումը զվարճանքի այնպիսի ձևերով, որոնք նրանց մոտ առաջացնում են սթրես կամ խաթարում բնական վարքը, արգելվել է։

Խստացվել են նաև կենդանիներին լքելու կամ նրանց կյանքի համար վտանգավոր պայմաններում թողնելու համար նախատեսված տուգանքները։

Կարևոր փոփոխություններից մեկը վերաբերում է կենդանիների հաշվառմանը։

Մինչ այժմ գործող թույլտվությունների համակարգը ամբողջական պատկեր չէր տալիս, թե իրականում քանի ընտանի, թափառող կամ որպես ընտանի կենդանի պահվող էկզոտիկ կենդանի կա Հայաստանում։ Այժմ այն փոխարինվել է պարտադիր հաշվառման մեխանիզմով։

Առաջին հայացքից սա կարող է թվալ պարզապես վարչական փոփոխություն, սակայն իրականում այն պետական քաղաքականության կարևոր հիմքերից մեկն է։ Առանց հստակ տվյալների հնարավոր չէ հասկանալ խնդրի իրական ծավալը, գնահատել իրականացվող ծրագրերի արդյունավետությունը կամ պլանավորել անհրաժեշտ ռեսուրսները։

Միևնույն ժամանակ, Նարե Արամյանը նշում է, որ ընդհանուր հաշվառման համակարգը հնարավոր չէ կառուցել միայն այս օրենքի շրջանակում։ Դրա համար անհրաժեշտ են նաև հարակից օրենսդրական փոփոխություններ, այդ թվում՝ «Կենդանական աշխարհի մասին» օրենքում, որպեսզի հնարավոր լինի ձևավորել կենդանիների վերաբերյալ ամբողջական և կիրառելի տվյալների միասնական համակարգ։

Նրա խոսքով՝ վերանայման կարիք ունեն նաև ոլորտին առնչվող մյուս օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը։ Դրանք պետք է մշակվեն մասնագիտական քննարկումների, հանրային մասնակցության և հանրային վերահսկողության պայմաններում, որպեսզի ընդունված օրենքները գործնականում նույնպես արդյունավետ լինեն։

Օրենքը կարող է փոխել կանոնները, բայց ոչ մարդուն

Օրենքը կարող է պատժել դաժանությունը, բայց կարո՞ղ է սովորեցնել պատասխանատվություն։

Այն կարող է սահմանել տուգանքներ, արգելել դաժան վերաբերմունքի տարբեր ձևերը, պարտավորեցնել կացարաններին աշխատել ավելի թափանցիկ կամ ստեղծել հանրային վերահսկողության մեխանիզմներ։

Բայց օրենքը չի կարող ստիպել մարդուն կանգ առնել վիրավոր կենդանու կողքին, չի կարող ստիպել ջուր թողնել շոգ օրերին, չլքել այն կենդանուն, որի համար ինքը պատասխանատվություն է վերցրել, կամ երեխային սովորեցնել, որ կենդանին խաղալիք չէ, այլ կենդանի էակ։

Այդ ընտրությունը սկսվում է շատ ավելի վաղ, քան օրենքը։

Գուցե հենց այդ պատճառով էլ այս փոփոխությունների ամենակարևոր մասը ոչ թե նոր տուգանքներն են կամ նոր արգելքները, այլ այն, որ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը պետք է ձևավորվի կրթությամբ, հանրային մշակույթով և ամենօրյա վարքով։ Որովհետև կենդանիների նկատմամբ վերաբերմունքը միայն կենդանիների մասին չէ։ Այն պատմում է նաև, թե որքան պատասխանատու ենք մեզնից «ավելի թույլ» կենդանու հանդեպ։


Discover more from

Subscribe to get the latest posts sent to your email.

Discover more from The Polityx

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading