2. violence_thepolityx

Ինչպե՞ս կանխել հաջորդ բռնությունը

Written by

·

2026 թվականի առաջին վեց ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ոստիկանությունը ստացել է ընտանեկան և կենցաղային բռնության մասին 78-ով ավել հաղորդում։ Միաժամանակ, հաշվառվել է բռնություն գործադրած 1,155 անձ՝ շուրջ 14%-ով ավել, քան մեկ տարի առաջ։

Այս թվերը պարտադիր կերպով ցույց չեն տալիս, թե Հայաստանում բռնության դեպքերն աճել են, բայց հիշեցնում են, որ ընտանեկան բռնությունը շարունակում է մնալ խնդիր, որի դեմ պայքարը չի ավարտվում միայն մի կողմի հետ աշխատելով։

Տարիներ շարունակ ընտանեկան բռնության դեմ պայքարի հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր տուժողի պաշտպանության վրա։ Այժմ Հայաստանում առաջին անգամ պետությունը փորձում է աշխատել նաև բռնություն գործադրած անձանց հետ՝ նպատակ ունենալով կանխել հաջորդ բռնությունը։

Ինչո՞ւ հենց հիմա

Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի համակարգը նոր չէ։

2018 թվականի հունվարից ուժի մեջ մտավ «Ընտանեկան բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը։ Դրան հաջորդեցին հասարակական կազմակերպությունների կողմից աջակցության ծառայությունները, որտեղ բռնության ենթարկված անձինք կարող են ստանալ հոգեբանական, իրավաբանական և սոցիալական անվճար աջակցություն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև ապաստարան։

Սակայն միջազգային փորձը ցույց է տալիս, որ միայն արդեն տեղի ունեցած բռնության հետևանքների հետ աշխատելը միշտ չէ, որ բավարար է կրկնվող դեպքերը կանխելու համար։ Այդ պատճառով բազմաթիվ երկրներ վերջին տարիներին սկսել են ներդնել նաև ծրագրեր, որոնք ուղղված են բռնություն գործադրած անձանց վարքի փոփոխությանը։

Հենց այս տրամաբանությամբ էլ 2025 թվականին պետությունը սկսեց ներդնել ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց համար ռեաբիլիտացիոն ծրագիրը։ 

Վերջին օրենսդրական փոփոխություններով արդեն հստակեցվում է, թե ինչպես պետք է այն գործի և ինչ ընթացակարգով են մարդիկ ուղղորդվելու դեպի ծրագիր։

«Ռեաբիլիտացիա» թե՞ միջամտություն

Ծրագիրը հանրային քննարկումներում հաճախ ներկայացվում է որպես բռնություն գործադրած անձանց «ռեաբիլիտացման ծրագիր»։ Սակայն, ինչպես նշում է «Արդարության նոր մշակույթ» ՀԿ-ի համահիմնադիր Հասմիկ Գևորգյանը, այդ ձևակերպումը կարող է սխալ պատկերացում ստեղծել։

«Եթե բառացի թարգմանենք, «ռեաբիլիտացիա»-ն վերականգնումն է։ Բայց այստեղ մենք ոչինչ չենք վերականգնում։ Բռնության ենթարկված մարդն է, ով կարող է կորցնել ինքնագնահատականը, անվտանգության զգացումը կամ սեփական «ես»-ը։ Իսկ բռնություն գործադրած անձի դեպքում նպատակը բոլորովին այլ է՝ փոխել այն վարքը, որը բերել է բռնության»,– նշում է նա ու ծրագիրը նկարագրում որպես «միջամտություն»։

Հայաստանում այս մոտեցումը նոր է ներդրվում, բայց ամբողջությամբ նոր գաղափար չէ։ Եվրոպայի խորհրդի Ստամբուլյան կոնվենցիայի 16-րդ հոդվածը պետություններին կոչ է անում ներդնել վարքի փոփոխության նման ծրագրեր։ Հայաստանում գործող ծրագիրը նույնպես ձևավորվել է այդ տրամաբանությամբ։

Ծրագիրը մշակվել է Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետների աջակցությամբ։ Սակայն այն պարզապես թարգմանված մեթոդաբանություն չէ։ Այս պահին մասնագետներն աշխատում են այն տեղայնացնելու վրա՝ հարմարեցնելով Հայաստանի մշակութային և սոցիալական իրականությանը։

Դրա կիրառումը դեռ նոր է սկսում մեր երկում, և այս պահին այն իրականացնում են երկու հասարակական կազմակերպություններ՝ «Արդարության նոր մշակույթը» և «Սոցիալական արդարությունը»։

Սկզբում բռնություն գործադրած անձի հետ անցկացվում են անհատական հանդիպումներ։ Միայն այն դեպքում, երբ մասնագետները գնահատում են, որ նա պատրաստ է, աշխատանքը շարունակվում է խմբային ձևաչափով։ Ծրագրում ներգրավված են հոգեբաններ, իսկ խմբային հանդիպումներին մասնակցում է նաև դիտորդ մասնագետ, ով հետևում է գործընթացին «կողքից»։

Ծրագրին մասնակցությունը կամավոր սկզբունքով է։ Այսինքն՝ մարդը կարող է ինքնուրույն որոշել՝ մասնակցել, թե ոչ։ Բայց կան նաև դեպքեր, երբ ծրագրին կարող են ուղղորդել պետական մարմինները։ Օրինակ՝ դատարանը կարող է պաշտպանական միջոց կիրառելիս պարտավորեցնել մասնակցել ծրագրին, իսկ օրենսդրական վերջին փոփոխություններով նման հնարավորություն է տրվում նաև ոստիկանությանը։

Ի՞նչ նպատակ ունի ծրագիրը

Երբ հանրային քննարկումներում խոսվում է այս ծրագրի մասին, հաճախ հնչում է նույն հարցը՝ ինչո՞ւ պետք է պետությունը ռեսուրս ծախսի բռնություն գործադրած մարդու վրա։

Հասմիկ Գևորգյանի խոսքով՝ այս հարցը հասկանալի է, բայց ծրագրի նպատակը հաճախ սխալ է ընկալվում։

«Միանշանակ պետք է այնպես լինի, որ բռնության ենթարկված անձը որևէ աջակցության պակաս չունենա, բայց դա չի նշանակում, որ պետք է ամբողջությամբ անտեսել նաև բռնություն գործադրած անձին։ Եթե պետության տեսանկյունից ենք նայում, պետությունը պատասխանատու է իր յուրաքանչյուր քաղաքացու համար։»

Նրա խոսքով՝ ծրագրի նպատակը բռնություն գործադրած անձին «օգնելը» չէ, այլ նրա վարքի փոփոխության միջոցով նվազեցնել նոր բռնության ռիսկը։ Այսինքն՝ աշխատում են երկու տարբեր մարդկանց հետ, բայց նպատակը մեկն է՝ բռնության կանխումն ու տուժողի անվտանգությունը։

Հենց այդ պատճառով էլ բռնության ենթարկված անձանց աջակցող ծառայություններն ու բռնություն գործադրած անձանց վարքի փոփոխության ծրագիրը գործում են առանձին։ Դրանք տարբեր ծառայություններ են, աշխատանքը իրականացվում է տարբեր վայրերում ու տարբեր կազմակերպությունների կողմից, և մասնակիցները միմյանց հետ որևէ շփում չեն ունենում։

Այլ կերպ ասած՝ այս ծրագիրը ոչ թե փոխարինում է տուժողների պաշտպանության համակարգին, այլ փորձում է լրացնել այն՝ աշխատելով նաև այն գործոնի հետ, որը կարող է նորից բերել բռնության։

Այս պահին ծրագրին միացել է տասը կամավոր մասնակից։ Թիվը քիչ է, բայց քրագիրը դիտարկվում է որպես երկարաժամկետ գործընթաց, որը դեռ պետք է հետազոտվի և գնահատվի։

Միաժամանակ, ըստ Գևորգյանի, կարևոր է, որ ծրագիրը չդառնա մեկ անգամ գրված ու այլևս չփոփոխվող մեխանիզմ։ Բռնության ձևերը փոխվում են, փոխվում են նաև հասարակությունն ու մարդկանց վարքագիծը։ Եթե տարիներ առաջ հիմնականում խոսվում էր ֆիզիկական կամ հոգեբանական բռնության մասին, այսօր ավելի հաճախ քննարկվում է նաև կիբերբռնությունը։ Հետևաբար, ժամանակի ընթացքում պետք է վերանայվեն նաև այն մեթոդները, որոնցով փորձում ենք կանխել բռնությունը։

Բայց սա միայն պետության գործը չէ

Թեև վարքի փոփոխության ծրագիրը նոր է սկսում գործել, մասնագետները զգուշացնում են՝ այն չի կարող առանձին վերցրած լուծել ընտանեկան բռնության խնդիրը։

Բռնության կանխարգելումը համակարգ է, որտեղ յուրաքանչյուր օղակ իր դերն ունի՝ դատական համակարգը, ոստիկանությունը, սոցիալական ծառայությունները, բռնության ենթարկված անձանց աջակցող կենտրոնները։ Բայց կա ևս մեկ օղակ, որը հաճախ անտեսվում է՝ հասարակությունը։

Որքան էլ արդյունավետ լինեն պետական ծրագրերը, դժվար է ակնկալել իրական փոփոխություն, եթե բռնության նկատմամբ հասարակական վերաբերմունքը չփոխվի։

Իսկ հասարակության ներդրումը մեկն է՝ անհանդուրժող լինել ցանկացած բռնության հանդեպ։ Դա նշանակում է բռնությունը չարդարացնել «ընտանեկան հարց է» կամ «մի անգամ է եղել» արտահայտություններով, չլռել, երբ դրա մասին գիտես, և ընդունել, որ բռնությունը ոչ միայն անձնական խնդիր է, այլև հասարակական։

Ի վերջո, ծրագրի նպատակը միայն այն չէ, որ մի քանի մարդ կմասնակցի հանդիպումներին։ Դրա նպատակը երկարաժամկետ փոփոխությունն է՝ մի համակարգ, որտեղ բռնությունը հնարավորինս քիչ է կրկնվում, իսկ պատասխանատվությունը կրում են ոչ միայն այն կառույցները, որոնք աշխատում են դեպքից հետո, այլև հասարակությունը, որը ձևավորում է, թե ինչն է ընդունելի և ինչը՝ ոչ։

Եթե ականատես եք լինում ընտանեկան կամ կենցաղային բռնության, կամ ինքներդ եք դրա զոհը, դիմե՛ք համապատասխան մարմիններին։ Դեպքի մասին հնարավոր է հայտնել նաև Safe You հավելվածի միջոցով՝ մեկ կանչով ծանուցելով համապատասխան բոլոր պետական մարմիններին։


Discover more from

Subscribe to get the latest posts sent to your email.

Discover more from The Polityx

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading