1. elections

4%-ը մանդատ է տալիս, 2%-ը՝ հնարավորություն

Written by

·

Հիշո՞ւմ ես այն երգիչներին, որոնց լսում էիր դեռ մինչև նրանց հայտնի դառնալը։ Այն ժամանակ, երբ շատ փոքր դահլիճներում կամ ակումբներում էին համերգներ ունենում, միլիոնավոր դիտումներ չունեին, բայց դու մտածում էիր, որ «մի օր շատ հեռուն են գնալու»։

Քաղաքականության մեջ էլ են նման բաներ լինում։ 

Եթե հունիսի 7-ին գնացել ես ընտրելու, բայց քո ընտրած կուսակցությունը չի անցել խորհրդարան, դա դեռ չի նշանակում, որ քո ձայնը ոչինչ չի փոխել։

Հայաստանում 2021 թվականին «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում արված փոփոխության նպատակն էլ հենց դա էր․ հնարավորություն տալ, որ նույնիսկ նոր կամ փոքր, բայց հասարակության մի զգալի մասի աջակցությունը ստացած քաղաքական ուժերը շարունակեն գործել նաև ընտրություններից հետո։

Իսկ ի՞նչ է փոխվել

Մինչև հիմա շատերի համար ընտրությունները վերջանում էին ընտրության օրվա հետ։ Եթե կուսակցությունը չէր անցնում խորհրդարան կամ նույնիսկ 3%-ի շեմը չէր հաղթահարում, հաճախ դրանով ավարտվում էր նաև նրա ակտիվ քաղաքական կյանքը։

Բայց Հայաստանում գործում են երկու տարբեր շեմեր, որոնք հաճախ շփոթում ենք.

  • Խորհրդարան անցնելու շեմը կուսակցության համար 4% է։
  • Պետական ֆինանսավորում ստանալու շեմը՝ 2%։

Այսինքն՝ կուսակցությունը կարող է պատգամավորական մանդատ չունենալ, բայց եթե ստացել է ընտրողների առնվազն 2%-ի աջակցությունը, իրավունք կունենա ստանալ պետական ֆինանսավորում՝ վերջին ընտրություններում ստացած ձայների քանակի հաշվարկով։

Եթե 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել էր 25 քաղաքական ուժ, ապա 2026-ին՝ 18-ը։ Ընդ որում, 2026 թվականի ընտրություններին մասնակցած ուժերից միայն 7-ն էին մասնակցել նաև 2021-ին։ Նոր առաջադրված ուժերից էլ միայն 7-ն էին նոր՝ ձևավորված նախորդ խորհրդարանական ընտրություններից հետո։

Վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքում հենց այս փոփոխության շնորհիվ 2%-ի շեմը հաղթահարածներից 6 քաղաքական ուժերից 3-ը, որոնք խորհրդարան չանցան, այնուամենայնիվ կստանան պետական աջակցություն։ Ընդ որում, ընդհանուր առմամբ աջակցություն ստացողներից 3-ը նոր ձևավորված կուսակցություններ են։

Ի՞նչ է տալիս այդ ֆինանսավորումը

Ըստ Ազգային ժողովրդավարության ծրագրերի ղեկավար Հովհաննես Հարությունյանի՝ պետական ֆինանսավորման նպատակը միայն կուսակցությունների գործունեությունը պահպանելը չէ, այլ նաև նրանց հնարավորություն տալը, որ ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում զարգացնեն իրենց քաղաքական գործունեությունը։

Դա նշանակում է՝ զարգացնել կուսակցության կառույցները, աշխատել մարզերում, պատրաստել նոր առաջնորդներ, մասնակցել տեղական ինքնակառավարման ընտրություններին, պահպանել կապը ընտրողների հետ և մշակել նոր քաղաքական ծրագրեր։

«Իմ փորձից կարող եմ ասել, որ ֆինանսավորում չունեցող շատ կուսակցություններ ընտրություններից հետո փաստացի դադարեցնում են ակտիվ քաղաքական գործունեությունը մինչև հաջորդ ընտրական փուլը»,– ասում է նա։

Այդ դեպքում հաջորդ ընտրություններին մրցակցությունն էլ սկսվում է գրեթե նույն կետից՝ նույն ուժերով։

Միևնույն ժամանակ, Հովհաննես Հարությունյանի խոսքով, շատ կարևոր է, որ պետական ֆինանսավորումը լինի թափանցիկ, վերահսկելի և հաշվետու, որպեսզի այն ծառայի իրական քաղաքական գործունեությանը, այլ ոչ թե կուսակցությունների ձևական գոյությանը։

Բացի այդ, պետական և վերահսկվող ֆինանսավորումը կարող է նվազեցնել ապօրինի կամ արտաքին ֆինանսավորման ռիսկերը՝ քաղաքական գործընթացներն ավելի թափանցիկ դարձնելով։

Ինչո՞ւ է սա կարևոր

Ժողովրդավարությունը միայն այն մասին չէ, թե ով է հաղթում ընտրություններում։ Այն նաև կարևորում է, թե ընտրության ինչ տարբերակներ կունենա քաղաքացին։

Եթե քաղաքական դաշտում տարիներ շարունակ մնան միայն նույն մի քանի ուժերը, ընտրությունը սահմանափակվում է։ Իսկ երբ նոր կուսակցությունները հնարավորություն են ստանում շարունակելու իրենց գործունեությունը, քաղաքական մրցակցությունն ուժեղանում է, հայտնվում են նոր գաղափարներ, նոր դեմքեր և նոր լուծումներ։

Դա չի նշանակում, որ բոլոր նոր կուսակցությունները անպայման կհաջողեն։ Բայց ժողովրդավարության համար կարևոր է, որ քաղաքացին ընտրություն ունենա, իսկ գաղափարները մրցեն միմյանց հետ։ Որքան բազմազան է քաղաքական դաշտը, այնքան մեծ է հավանականությունը, որ հասարակության տարբեր խմբերի ձայներն ու խնդիրները ներկայացված կլինեն քաղաքական կյանքում։

Այսինքն՝ իմ ձայնը կարևո՞ր էր

Շատերն ընտրությունների ժամանակ կանգնում են նույն երկընտրանքի առաջ․ ընտրե՞լ այն կուսակցությանը, որի գաղափարներին իսկապես հավատում են, թե՞ քվեարկել այն ուժերից մեկի օգտին, որոնք ավելի մեծ շանսեր ունեն հաղթելու։

Նոր փոփոխությունը չի ասում, թե ում պետք է ընտրել։ Բայց այն փոխում է մի կարևոր պատկերացում. քո ձայնը կարող է նպաստել ոչ միայն այս ընտրությունների արդյունքին, այլև նրան, թե ինչպիսին կլինի քաղաքական մրցակցությունը մինչև հաջորդ ընտրությունները։ Ի վերջո, ժողովրդավարությունը միայն այսօրվա հաղթողների մասին չէ։ Այն նաև վաղվա ընտրության մասին է։

Ու գուցե հաջորդ անգամ ընտրատեղամաս մտնելիս քո ամենակարևոր հարցը ոչ թե լինի՝ «ո՞վ է հավանաբար հաղթելու», այլ՝ «ո՞վ է ամենալավը ներկայացնում իմ գաղափարներն ու այն Հայաստանը, որ ուզում եմ տեսնել»։


Discover more from

Subscribe to get the latest posts sent to your email.

Discover more from The Polityx

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading